Օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ փոթորկի արագությունը հասել է ժամում 150 կիլոմետրի, երբ այն առաջին անգամ հասել է ցամաքին Չժեցզյան նահանգի Յուհուան քաղաքում։ Մոտ մեկ ժամ անց թայֆունը երկրորդ անգամ է հասել ցամաքին՝ Վենչժոու քաղաքի հատվածում։
Փոթորիկը կաթվածահար արեց տրանսպորտային հաղորդակցությունը ողջ տարածաշրջանում։ Միայն Շանհայում չեղարկվեց 1400 չվերթ։
Չինաստանի իշխանություններն ավելի վաղ «Յուն-յեունգ» (Yun-yeung) թայֆունի կապակցությամբ հայտարարել էին ամենաբարձր՝ կարմիր մակարդակի նախազգուշացում, սակայն երկուշաբթի առավոտյան փոթորկի ուժգնությունը նվազեցվել է՝ հասնելով արևադարձային փոթորկի մակարդակի։
Հաղորդվեց, որ փոթորիկը շարժվում է դեպի ցամաքի խորքը։ Պաշտոնատար անձինք նախազգուշացրին, որ հորդառատ անձրևների, ջրհեղեղների և սողանքների վտանգը կպահպանվի մինչև չորեքշաբթի։
Երկուշաբթի օրվա համար հորդառատ անձրևներ էին կանխատեսվել Շանդուն, Հենան, Հուբեյ, Անհոյ, Ցզյանսու և Չժեցզյան նահանգներում, ինչպես նաև Շանհայ քաղաքում։
Զբոսաշրջային վայրերն ու տրանսպորտը բացասաբար են տուժել։
Տեղական իշխանությունները բնակիչներին հորդորել են խուսափել հանրային վայրերում որևէ գործունեությունից։ Բազմաթիվ զբոսաշրջային վայրեր, այդ թվում՝ «Դիսնեյլենդը», «Լեգոլենդը» և Շանհայի «Բունդ» առափնյա հատվածի դիտահարթակները, փակ են մնացել։
Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չժեցզյան նահանգի Վենլինգ քաղաքում 9-ամյա տղա է անհետացել այն բանից հետո, երբ ծովի ալիքները նրան տարել են բաց ծով։ Իշխանությունները դեռևս չեն հայտնել զոհերի մասին։
Օդերևութաբանները հայտնել են, որ Չժեցզյան նահանգի որոշ հատվածներում մի քանի օրվա ընթացքում կարող է 250-ից 500 միլիմետր տեղում թափվել։
Չժեցզյան նահանգի վարչական կենտրոն Հանչժոուի իշխանությունները չեղարկել են կայանման վճարները բոլոր հանրային տարածքներում այն վարորդների համար, ովքեր ցանկանում են խուսափել փոթորկից և ջրհեղեղից։
Նահանգի այլ հատվածներում Վենչժոուի պաշտոնյաները մոտ 900 000 բնակչի տեղափոխել են անվտանգ վայրեր և բացել ավելի քան 1000 արտակարգ իրավիճակների ապաստարան։ Թայչժոու քաղաքում շուրջ 390 000 մարդ տարհանվել է իրենց տներից։
Ափամերձ Ֆուցզյան նահանգի ծովային գերատեսչությունները դադարեցրել են ուղևորատար լաստանավային տասնյակ երթուղիների աշխատանքը և կասեցրել ծովափնյա շինարարական ավելի քան 100 նախագիծ։
Ըստ չինական պետական CCTV հեռուստաընկերության հաղորդումների՝ մինչև ցամաք հասնելը փոթորիկը 6000 կիլոմետր տարածություն է անցել։ Սա վկայում էր այն մասին, որ փոթորիկը տևել է երեք անգամ ավելի երկար, քան սովորական թայֆունը։
CCTV-ն նաև հաղորդել է, որ փոթորիկն ազդեցության լայն գոտի ունի և ուժեղ տեղումների վտանգ է պարունակում։
Երկու անձ ձերբակալվել է՝ առցանց տիրույթում փոթորկի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար։
Թայֆունի ազդեցությունն այլ երկրների վրա
«Յուն-յեունգ» թայֆունը հորդառատ անձրևներ է առաջացրել Ֆիլիպիններում, Թայվանի հյուսիսային շրջաններում և Ճապոնիայի Օկինավա կղզում՝ նախքան Չինաստան հասնելը։
Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել է, որ երկրում ութ մարդ է զոհվել շաբաթվա սկզբին տեղի ունեցած թայֆունի և փոթորիկների հետևանքով առաջացած մուսսոնային անձրևների պատճառով։ Հաղորդվում է, որ ավելի քան 7000 մարդ ապաստան է գտել երկրի տարբեր վայրերում գտնվող տարհանման կենտրոններում։
Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի վարչակազմի հայտարարության համաձայն՝ փոթորկի հետևանքով տեղի ունեցած միջադեպերի ժամանակ հինգ տարեց մարդ է տուժել։
Հոնկոնգում օդերևութաբանական կայանը կիրակի օրը գրանցել է 36,9 աստիճան ռեկորդային ջերմաստիճան, երբ թայֆունը քաղաք է բերել տաք օդային զանգվածներ։
Արևմտյան Խաղաղ օվկիանոսում թայֆունների սեզոնը սովորաբար տևում է մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Մասնագետները նշում են, որ «Էլ Նինյո»-ի ուժեղ ակտիվությամբ աչքի ընկնող այս տարին կարող է հանգեցնել թայֆունների ուժգնացմանը։















