Վենեսուելայի ՆՔՆ․ Վենեսուելայում ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով մահացել է առնվազն 100 մարդ
Վենեսուելայի զինվորականները նաև զանգվածային հուղարկավորություն են անցկացրել երկրի մայրաքաղաքում՝ սկսելով թաղել հարձակման ժամանակ զոհված տասնյակ զինվորների։
Վենեսուելայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակման հետևանքով մահացել է առնվազն 100 մարդ։
Ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելլոն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, վիրավորվել են շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման ժամանակ, հաղորդում է teleSUR հեռուստաալիքը։
Կաբելլոն հարգանքի տուրք է մատուցել Մադուրոյին, նրա կնոջը և ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ զոհվածներին։
Վենեսուելայի զինվորականները չորեքշաբթի օրը զանգվածային հուղարկավորություն են անցկացրել երկրի մայրաքաղաքում՝ սկսելով թաղել հարձակման ժամանակ զոհված տասնյակ զինվորների։
«Վենեսուելան չի հանձնվի, քանի որ այն պատմություն և ժառանգություն ունեցող ազգ է։ Ամբողջ աշխարհն այժմ գիտի, որ Նիկոլաս Մադուրոն ռազմագերի է, և Միացյալ Նահանգները խախտել է միջազգային համակեցության բոլոր նորմերը», - ասաց նախարարը պետական հեռուստատեսությանը։
ԱՄՆ ուժերը ավիահարվածներ են հասցրել երկրի հյուսիսային մասում գտնվող թիրախներին, մինչդեռ հատուկ նշանակության ուժերը Կարակասում հարձակում են իրականացրել՝ Մադուրոյին և Ֆլորեսին առևանգելու և նրանց ԱՄՆ տանելու համար։
Նյու Յորքի դատարանում թմրանյութերի և զենքի հետ կապված մեղադրանքներով իրենց առաջին լսումների ժամանակ Մադուրոն և Ֆլորեսը իրենց մեղավոր չեն ճանաչել։