ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված նամակում թուրք-ամերիկյան յոթ կազմակերպություններ օրենսդիրներին կոչ են արել աջակցել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին։
«Որպես ՆԱՏՕ-ի՝ գրեթե յոթանասունհինգ տարվա դաշնակից և անվտանգության ու դիվանագիտության ոլորտում առաջնագծի գործընկեր՝ Թուրքիայի Հանրապետության կողմից ԱՄՆ պաշտպանական համակարգերից շարունակական օգտվելու հնարավորությունը բխում է ԱՄՆ-ի հիմնարար ռազմավարական շահերից. ուստի հարգանքով խնդրում ենք աջակցել ամերիկյան F-35 կործանիչների վաճառքի՝ ընթացքի մեջ գտնվող գործարքին և վերացնել այդ համագործակցությանը խոչընդոտող ավելորդ պատժամիջոցներն ու արգելքները»,- ասված է հայտարարության մեջ։
«Այս վաճառքներին աջակցելը ներդրում է ՆԱՏՕ-ի շրջանակներում փոխգործունակության, տարածաշրջանային կայունության և իրական ու աճող արժեք ունեցող երկկողմ հարաբերությունների մեջ։ Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը և ողջունում ենք հարցը հետագայում քննարկելու հնարավորությունը»,- նշվում է նամակում։
Նամակը ստորագրել են Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան, Թուրք-ամերիկյան կոալիցիան, Թուրք-ամերիկյան միությունների ֆեդերացիան, Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեն, MUSIAD USA-ն, Հարավի թուրք-ամերիկյան առևտրի պալատը և ASKON USA-ն։
Նշելով, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները սկիզբ են առնում 1831 թվականից, իսկ Անկարան պաշտոնական դաշնակից է 1952 թվականին ՆԱՏՕ-ին անդամակցելուց ի վեր՝ խմբերը փաստել են, որ «դաշինքն ապահովում է հարավարևելյան թևը և վերահսկում Ստամբուլի ու Դարդանելի նեղուցները»։
«Կառուցողական տարածաշրջանային դերակատար»
Նամակում նշվում էր, որ թուրքական ռազմակայանները, այդ թվում՝ Ինջիրլիքը, «անփոխարինելի» են ԻՊ-ի (ԴԱԵՇ) դեմ պայքարում։
Նամակում նաև նշվում էր, որ Թուրքիան «կառուցողական տարածաշրջանային դերակատար» է (այդ թվում՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում միջնորդի իր դերի շնորհիվ) և մասնակցում է Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին։
Նամակը հուլիսին հանձնվել է Կոնգրեսի ավելի քան 50 անդամի։
ԱՄՆ-ը դադարեցրեց Թուրքիայի մասնակցությունը F-35 ծրագրին՝ ընդդիմանալով 2019 թվականին ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերմանը. ամերիկյան կողմը պնդում էր, որ տվյալ համակարգը վտանգի կենթարկի կործանիչները և անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ։
Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ երկու համակարգերի միջև որևէ հակասություն չկա, և առաջարկել է ստեղծել հանձնաժողով՝ խնդիրն ուսումնասիրելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախորդ ամիս Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտարարել է, որ «անպայման» կդիտարկի Անկարային F-35 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորություն տալու հարցը և ցանկանում է վերացնել Թուրքիայի նկատմամբ կիրառված CAATSA-ի պատժամիջոցները։




















