Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերությունների հարյուրամյակին ընդառաջ՝ նրանք ամրապնդում են ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը բոլոր ոլորտներում։
«Թուրքական տանը» կայացած Թուրքիա-ԱՄՆ գործարար խորհրդի հանդիպմանն ունեցած ելույթում Էրդողանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Առևտրի պալատին, գործարար խորհուրդներին և Արտաքին տնտեսական կապերի խորհրդին՝ միջոցառումը կազմակերպելու համար։
«ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում։ Մենք ցանկանում ենք քաղաքական հարաբերություններում ձեռք բերված ներդաշնակությունը արտացոլել նաև մեր տնտեսական և առևտրային հարաբերություններում», – ասել է Էրդողանը՝ շարունակելով խոսքը հետևյալ կերպ.
«Ներկայումս Միացյալ Նահանգները առաջին տեղն է զբաղեցնում մեր՝ հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարների շարքում՝ մեզ դասելով ամերիկյան աղբյուրներին նախապատվություն տվող եվրոպական երկրների շարքի առաջատարների թվում։ Մենք նպատակ ունենք ընդլայնել այս համագործակցությունը՝ ընդգրկելով էներգետիկ ոլորտն ամբողջությամբ, այդ թվում՝ միջուկային էներգետիկան։ Բացի այդ, ճիշտ չէ Միացյալ Նահանգների հետ մեր տնտեսական հարաբերությունները գնահատել բացառապես առևտրային ցուցանիշների հիման վրա։ Կարծում եմ՝ այն ժամանակաշրջանում, երբ վերափոխվում է համաշխարհային տնտեսական կարգը, Թուրքիայի հետ ռազմավարական տնտեսական համագործակցության մոդելի անհրաժեշտություն կա»։
Էներգետիկ երթուղիները վերաձևավորվում են
Նախագահ Էրդողանը նշեց, որ հակամարտությունների հաղթահարմանը զուգընթաց տարածաշրջանում կարագանան հինգ խոշոր փոխակերպումներ։
Ընդգծելով, որ դրանցից առաջինը մատակարարման շղթաների վերադասավորումն է (երբ ընկերություններն այժմ փնտրում են ոչ թե պարզապես ամենաէժան, այլ ամենահուսալի վայրերը)՝ Էրդողանն ասաց. «Իր հզոր արդյունաբերական ենթակառուցվածքով, Եվրոպական միության հետ Մաքսային միությամբ և ազատ առևտրի ընդարձակ ցանցին ունեցած կապերով՝ Թուրքիան այս որոնումների բնական հանգրվանն է»։
Էրդողանը հայտարարեց հետևյալը.
Երկրորդ՝ վերաձևավորվում են էներգետիկ երթուղիները։ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարից մինչև TANAP՝ Թուրքիան հանդես է գալիս որպես էներգիայի անխափան հոսքի ամենահուսալի միջանցք։ Երրորդ՝ փոփոխվում են առևտրային ուղիները. Ասիան Եվրոպային կապող «Միջին միջանցքը» և Ծոցը Եվրոպային կապող «Զարգացման ճանապարհը» հատվում են Թուրքիայում։ Չորրորդ՝ սկսվում է վերականգնման փուլը. մեր տարածաշրջանում վերակառուցվելու են ճանապարհներ, նավահանգիստներ, էլեկտրակայաններ, բնակելի շենքեր և գործարաններ։ Բարդ պայմաններում աշխատելու փորձառությամբ՝ թուրքական կապալառուական ոլորտն այս գործընթացի համար ամենապատրաստված մասնակիցն է։ Հինգերորդ՝ առկա է պաշտպանության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտը. ՆԱՏՕ-ի չափանիշներով արտադրություն իրականացնող մեր պաշտպանական արդյունաբերությունը հասել է այնպիսի հզորության, որը նպաստում է մեր դաշնակիցների մատակարարման անվտանգության ապահովմանը։ Այս փոխակերպման հնարավորություններից մեր երկրի առավելագույն օգտվելն ապահովելու նպատակով ապրիլին մենք գործարկեցինք աշխարհում ամենամրցունակ ներդրումային փաթեթներից մեկը։ Մեր արտասահմանյան ներկայացուցչությունները՝ հատկապես Վաշինգտոնում և Նյու Յորքում գործող ներդրումային և ֆինանսական գրասենյակները, պատրաստ են ցանկացած պահի աջակցել ձեզ։
Էրդողանը շնորհակալություն հայտնեց գործարարներին թուրք-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։



























