Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չորեքշաբթի օրը երկօրյա այցով ժամանել է Իսրայել, որը դիտվում է որպես հարաբերությունները խորացնելու հնարավորություն, քանի որ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության ռիսկը մեծանում է։
Մոդին, որը հայտնի է իր հինդու ազգայնականությամբ, դարձավ Հնդկաստանի առաջին վարչապետը, որը 2017 թվականին այցելեց Իսրայել. այդ այցի ընթացքում նա Նեթանյահուի հետ ոտաբոբիկ քայլեց հյուսիսային նավահանգստային Հայֆա քաղաքի ափով։
Մոտ ինը տարի անց երկու առաջնորդները, որոնք դեռևս պաշտոնավարում են, միմյանց անվանում են ընկերներ և սպասվում է, որ կքննարկեն արհեստական բանականության և պաշտպանության հարցեր այն ժամանակ, երբ Իսրայելը ձգտում է մեծացնել իր ռազմական արտահանումը։
Իսրայելի կառավարության պաշտոնյան հայտարարել է, որ այցը «կհարթի ճանապարհ նոր գործընկերությունների և համագործակցության համար բազմաթիվ ոլորտներում», մինչդեռ Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան ասել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են զգալի վերելքի շեմին։
Մոդին, ինչպես սպասվում է, ելույթ կունենա Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթում, և ծաղկեպսակ կդնի Իսրայելի Հոլոքոստի պաշտոնական հուշարձան Յադ Վաշեմում։
ԱՄՆ ռազմական հզորության ավելացում
Մոդիի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն Իրանի մոտ տեղակայել է մեծ ռազմածովային ուժեր՝ հնարավոր հարձակման նախօրեին, և երկու երկրների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Պենտագոնը նաև ավիակիր է տեղակայել Միջերկրական ծովում՝ Իսրայելի ափերի ուղղությամբ։
ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա կարող է հանգեցնել Իրանի կողմից Իսրայելին և Պարսից ծոցի երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին ուղղված հակահարվածի, որտեղ միլիոնավոր հնդիկներ ապրում, աշխատում և տարեկան միլիարդավոր դոլարների փոխանցումներ են կատարում։
Հնդկաստանում գործող Observer Research Foundation վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Կաբիր Տանեջան ասել է, որ Նյու Դելին չի ցանկանում հակամարտություն տարածաշրջանում՝ հավելելով. «Ես վստահ եմ, որ այս տեսակի ուղերձները փոխանցվել են անցյալում և կփոխանցվեն նաև այս այցի ընթացքում»։
Իսրայելի ԱԳ նախարարության պաշտոնյան հայտարարել է, որ այցի ընթացքում, հավանաբար, տեղի կունենան քննարկումներ «տարածաշրջանային չափման» վերաբերյալ։
Այս շաբաթ կառավարության նիստում ելույթ ունենալով՝ Նեթանյահուն Հնդկաստանը բնութագրեց որպես նման մտածողությամբ երկրների ապագա «առանցքի»։
«Մեր համագործակցությունը կարող է մեծ արդյունքներ տալ և, իհարկե, ապահովել մեր դիմադրողականությունը և մեր ապագան», - ասաց Ցեղասպան Նեթանյահուն։
Տանեջան նշեց, որ Հնդկաստանը հետաքրքրված է Իսրայելում արտադրված ռազմական սարքավորումներ գնելով, սակայն հավելեց, որ Նյու Դելին զգույշ կլինի որևէ պաշտոնական դաշինքին միանալու հարցում՝ միջազգային հարաբերություններում չեզոքության իր ավանդույթի պատճառով։









