Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հույս ունի այս տարի կոնկրետ արդյունքների հասնել Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելուն ուղղված բանակցություններում, թեև նշել է, որ դա մեծապես կախված է Մոսկվայի նկատմամբ Միացյալ Նահանգների որդեգրած մոտեցումից։
Աբու Դաբիում ուկրաինացի և ռուս բանակցողների միջև՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացված երկօրյա բանակցություններից հետո, չորեքշաբթի օրը Զելենսկին հանդես եկավ հայտարարությամբ՝ Իռլանդիայի վարչապետ Միքոլ Մարտինի հետ միասին։
Մամուլի ասուլիսում ելույթ ունենալիս Զելենսկին ասաց. «Ներկայումս մենք բախվում ենք շատ լայնածավալ հարձակումների»։
«Բնականաբար, մենք ցանկանում ենք արդյունքների հասնել մինչև այս տարվա վերջ և կանենք հնարավոր ամեն ինչ՝ դրան հասնելու համար», - ասաց նա։
Ուկրաինայի նախագահը հավելեց. «Վաղը ամերիկյան և ռուսական կողմերի միջև կայանալիք երկխոսության ձևաչափը չափազանց վճռորոշ կլինի...»։
«Դատելով տեղի ունեցածից՝ կարծում եմ, որ այս տարի խնդրի լուծմանը հասնելը շատ կարևոր է նաև ամերիկացիների համար։ Կարծես թե նրանք ևս իսկապես ցանկանում են դա», — նշեց։
Զելենսկին նշեց, որ մինչև 2027 թվականը խաղաղության հասնելու «հնարավորությունների պատուհան» կա, թեև ընդգծեց նաև, որ այդ հարցում շարունակում է «թերահավատ» մնալ։
«Խիստ հրահանգներ»
ԱՄՆ-ի գլխավորությամբ ընթացող այս գործընթացը, որի շրջանակում փետրվարից ի վեր առաջին անգամ նման բանակցություններ կայացան, հանգեցրեց ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ համաձայնության։
Այնուամենայնիվ, պատերազմին վերջ դնելուն ուղղված կոնկրետ քայլերի առումով այլ նշանակալի զարգացումներ չեն եղել։ Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հինգշաբթի կմեկնեն Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ այնուհետև կուղևորվեն Դուբլին՝ հանդիպելու Զելենսկու հետ։
Քուշներն հայտարարեց, որ կողմերի միջև վստահության մթնոլորտ չկա, միաժամանակ Աբու Դաբիում կայացած բանակցությունները բնորոշելով որպես «լավ առաջին քայլ»։ Ուկրաինացի բանակցող Դավիթ Արախամիան նշեց, որ քննարկումները բարդ են եղել, և որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների է եկել՝ ունենալով «խիստ հրահանգներ»։
Այնուամենայնիվ, նա նշեց, որ բանակցությունները «լավ թափ» են հաղորդել՝ տարեվերջին խնդրի կարգավորմանը հասնելու ուղղությամբ։
Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ռուսաստանի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ, իր կարծիքով, բանակցություններից հետո խաղաղության համաձայնագիրն ավելի մոտ է, թեև հավելել է, որ գործընթացը մեծապես կախված է Ուկրաինայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումներից։






















