ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) երեքշաբթի երեկոյան Իրանի դեմ իրականացված հարվածների ընթացքում թիրախավորել է հատկապես Հորմուզի նեղուցի շրջակայքն ու երկրի հարավային շրջանները։
Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու մասին ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո երեկ երեկոյան հաղորդումներ սկսեցին ստացվել երկրի հարավային քաղաքներում պայթյունների ձայներ լսվելու վերաբերյալ։ Այնուհետև CENTCOM-ը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, որոնք, ըստ կառույցի պնդման, պատկանում էին Հեղափոխության պահապանների կորպուսին։
Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունների ձայներ են լսվել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում, Սիրիկ քաղաքում, ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգստային Բանդար Աբբաս քաղաքում, ինչպես նաև հարավային ափամերձ Ասալույե, Չաբահար և Կոնարակ բնակավայրերում։ Հաղորդվել է նաև, որ հարձակումների թիրախում է հայտնվել Քերման նահանգի Ջիրոֆթ օդանավակայանը։
Հորմոզգանի փոխնահանգապետ Ահմեդ Նեֆիսին հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է Սիրիկ շրջանի Կուհեշտակ քաղաքում գտնվող մի տան, որտեղ հարսանեկան արարողություն էր ընթանում։ Նեֆիսիի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ զոհվել է, 68-ը՝ վիրավորվել։ Միաժամանակ հաղորդվել է, որ Խուզեստան նահանգում զոհվել է յոթ, վիրավորվել՝ ութ մարդ։
Մինչդեռ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Հայտարարության մեջ նաև նախազգուշացում կար, որ ԱՄՆ-ի հարձակումներն «ավելի են սեղմում Հորմուզի նեղուցի շուրջ օղակը»։
Իրանի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նաև նշվել է. «Որքան ԱՄՆ զինվորականները համառորեն շարունակեն իրենց ագրեսիան տարածաշրջանում, այնքան ավելի մեծ ու ծանր կլինեն այն կորուստները, որոնք նրանք ստիպված կլինեն կրել»։
Ավելի ուշ՝ գիշերը, իրանական մամուլը հայտնեց, որ Քեշմ կղզում և Բանդար Աբբաս քաղաքում պայթյունների նոր ձայներ են լսվել։ Միևնույն ժամանակ, CENTCOM-ը հայտարարեց, որ ավարտել է Իրանում թիրախների ուղղությամբ հարվածները, որոնք իրականացվել էին չորեքշաբթի օրվա վաղ ժամերին։
Իրանի զինվորականները նաև հայտարարեցին, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ պատասխան հարված են հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին։
Տարածաշրջանի երկրներում ազդանշաններ հնչեցին, և լարվածությունը կրկին սրվեց
Այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմակայանների ուղղությամբ պատասխան հարված հասցնելու մասին, սոցիալական ցանցերում տարածվեցին տեսանյութեր տարածաշրջանի երկրներից, որոնցում երևում էին երկնքում հայտնվող լուսային շողեր և լսվում պայթյունների ձայներ։
Հորդանանի զինվորականները հայտնել են, որ երկրի օդային տարածք մուտք գործած 13 բալիստիկ հրթիռներից 10-ը որսացվել են, իսկ երեքն ընկել են բաց տարածքներում։ Որոշ ավիաընկերություններ չեղարկել են դեպի Հորդանան իրենց չվերթները։
Քուվեյթը նախազգուշացում է տարածել հանրությանը Իրանից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ իրականացվող հարձակումների վերաբերյալ և հայտնել, որ գործարկվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։
Բահրեյնը նաև հայտարարեց, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերի հարձակումները։
Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը հայտնեց, որ երկրի հյուսիսի որոշ հատվածներում ազդանշաններ են հնչել և արձակվել են որսացող հրթիռներ՝ Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքերի պատճառով։




















