Նեպալի՝ Տիբեթի հետ սահմանակից հատվածում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով առնվազն 270 մարդ է զոհվել, իսկ ևս 1300-ի հետ կապն ընդհատվել է։ Միաժամանակ, Չինաստանում 558 մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարական խմբերը ողջ մնացածներին որոնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են կիրառում։
Նեпаլ-Չինաստան սահմանի երկայնքով տեղի ունեցած հանկարծակի ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 270-ի, իսկ ավելի քան 1300 մարդ անհետ կորած է համարվում։ Հինգշաբթի օրը շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները՝ ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։
Հաստատելով 270 զոհի մասին տեղեկությունը՝ Նեպալի աղետների ռիսկերի նվազեցման և կառավարման ազգային վարչությունը (NDRRMA) հայտնել է, որ անհետ կորածների թիվը գերազանցում է 1300-ը. նրանց թվում կան զբոսաշրջիկներ, օտարերկրյա քաղաքացիներ, պետական ծառայողներ, զինվորականներ, ոստիկաններ և տեղի բնակիչներ։
Չինական կողմից հաղորդվել է 558 անհետ կորածի մասին։
Ըստ «Himalayan Times»-ի՝ արբանյակային պատկերները վկայում են, որ ջրհեղեղի պատճառ է դարձել հիմալայան սառցադաշտից (որը գտնվում է Ռասուվա-Ռասուվագադհի սահմանային անցակետից մոտ 20 կմ դեպի հյուսիս-արևելք) սառույցի խոշոր կտորի պոկվելը, ինչի հետևանքով տոննաներով սառույց և քարեր են թափվել Բհոտեկոշի գետը։
Կառավարությունը հայտարարեց, որ տարածքի բնակիչները տարհանվել են, և որ որոնողափրկարարական աշխատանքների համար մոբիլիզացվել են բանակն ու ուղղաթիռների մասնավոր օպերատորները։
Նեպալի բանակը և ուղղաթիռների մասնավոր օպերատորները 114 մարդու տեղափոխել են անվտանգ վայրեր։
Մահվան դեպքերի ամենաբարձր թիվը գրանցվել է Բագմատի նահանգի Չիտվան շրջանում, որտեղ արձանագրվել է 64 զոհ։ Հարակից շրջաններում գրանցված զոհերի թիվը հետևյալն է․ Դհադինգում՝ 27, իսկ Արևելյան Նավալպարասիում՝ 22։ Նեպալի ոստիկանությունը նաև հայտնել է, որ 28 ոստիկան անհետ կորած է համարվում։
Տիբեթում երեք մարդ զոհվել է, 558-ը՝ անհետ կորել
Ըստ չինական պետական լրատվամիջոցների՝ Գիրոնգ (Gyirong) շրջանում տեղի ունեցած ցեխահոսքի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, իսկ 558-ը՝ անհետ կորել։
Պեկինում տեղակայված «Սինհուա» (Xinhua) լրատվական գործակալությունը հինգշաբթի հայտնել է, որ ցեխահոսքը հարվածել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Սիզանգ (Xizang) ինքնավար շրջանի Գիրոնգի մաքսակետին։
Հինգշաբթի օրը տարածաշրջան է ուղարկվել Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի համակարգող խումբ։ Այս խումբը համակարգելու է զորքերի համատեղ փրկարարական գործողությունները։
Անհետ կորած օտարերկրյա զբոսաշրջիկների վերաբերյալ Նեպալի արտաքին գործերի նախարար Շիսիր Խանալը հնդկական NDTV հեռուստաալիքին հայտնել է, որ «մոտավորապես 300 հնդիկ անհետ կորած է, և կառավարությունը փորձում է կապ հաստատել նրանց հետ»։
Հինգշաբթի օրը զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաները հայտնեցին, որ Նեպալում անհետ կորած ավելի քան 550 զբոսաշրջիկների թվում եղել են 29 երկրից ժամանած 476 օտարերկրացիներ։ Նեպալի զբոսաշրջության խորհուրդը տեղեկատվություն է հրապարակել տարածաշրջանում անհետ կորած համարվող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ։
Մոլորված զբոսաշրջիկներ, օտարերկրացիներ
ԿԱՆԱԴԱ․ Հաղորդվել է, որ անհետ կորածների թվում կա 25 կանադացի։ ԳԵՐՄԱՆԻԱ․ Հաղորդվել է, որ անհետ կորածների թվում կա առնվազն ութ գերմանացի։
ՃԱՊՈՆԻԱ․ Նեպալում Ճապոնիայի դեսպանատունը խնդրել է որոնողական աշխատանքներ իրականացնել՝ հայտնաբերելու իր հինգ քաղաքացիների, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվել։
ՄԱԼԱՅԶԻԱ․ Մալայզիայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ Կատմանդուում գտնվող իր քաղաքացիներից առնվազն 55-ի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Ավելի վաղ գերատեսչությունը անհետ կորած մալայզիացիների թիվը գնահատել էր 28։
ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ․ Նեպալը հայտնել է, որ տուժածների թվում կան առնվազն հինգ նորզելանդացի զբոսաշրջիկներ։
ՌՈՒՍԱՍՏԱՆ․ Հաղորդվում է հինգ ռուսաստանցու անհետ կորելու մասին։
ՍԻՆԳԱՊՈՒՐ․ Հաղորդվում է Սինգապուրի վեց քաղաքացու անհետ կորելու մասին։
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱ․ Հաղորդվում է, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած ջրհեղեղներից հետո վեց հարավաֆրիկացի անհետ կորել է։
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ․ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի հայտնել է, որ հիդրոէլեկտրակայանում աշխատող ինը հարավկորեացի անհետ կորել է, իսկ 10 մարդ արգելափակվել է։
ՈՒԿՐԱԻՆԱ․ Պաշտոնյաները հայտնել են, որ ջրհեղեղների հետևանքով 53 ուկրաինացի անհետ կորած է։
ԱՄՆ․ Հաղորդվում է առնվազն 63 ԱՄՆ քաղաքացու անհետ կորելու մասին։
Հաղորդվել է նաև, որ չորեքշաբթի օրվանից անհետ կորած են Բելառուսի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Իսրայելի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Ֆիլիպինների, Պորտուգալիայի, Իսպանիայի և Շվեդիայի քաղաքացիներ։



















