Ալաքբարովը ելույթ ունեցավ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ պաղեստինյան հարցը» թեմայով նիստում։
Անվտանգության խորհրդի անդամներին պաղեստինյան տարածքներում աճող լարվածության և խորացող անորոշության մասին տեղեկացնելիս՝ Ալաքբարովն ընդգծեց, որ վերջին շրջանում Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ավիահարվածներն ուժգնացել են, բնակիչները բախվում են «անտանելի պայմանների», իսկ «հրադադարը մնում է փխրուն»։
Ռամիզ Ալաքբարովն ասել է. «Հրադադարից ի վեր ավելի քան 10 ամիս է անցել. այս իրավիճակն անընդունելի է»։
Ընդգծելով, որ տարածաշրջանի մոտավորապես երկու երրորդի հասանելիությունն առայժմ չի ապահովվել՝ Ալաքբարովը նշեց, որ Գազայի համար ընթացիկ տարում պահանջվող ֆինանսավորման միայն 40 տոկոսն է հավաքագրվել։
«Միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»
Ընդգծելով, որ անհրաժեշտ է լուծել Գազայում հրադադարի գործընթացի փակուղու հիմնական խնդիրները՝ Ալաքբարովը պնդեց, որ Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի օկուպացիոն գործողությունները «որևէ իրավական հիմք չունեն», իսկ տեղի բնակչության դեմ իսրայելական բանակի հարձակումներն ու պաղեստինյան հողերը զավթող իսրայելցիների գործողությունները միջազգային իրավունքի «ակնհայտ խախտում» են։
ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ալաքբարովն ընդգծեց, որ իրավիճակը Հորդանան գետի արևմտյան ափին, որտեղ իսրայելցի օկուպանտներն ուժգնացրել են իրենց հարձակումները, «ծայրահեղ ծանր» է, և որ այդ հարձակումների առնչությամբ անհրաժեշտ հետաքննության ու պատասխանատվության մեխանիզմները չեն գործարկվել։
Ալաքբարովը նաև նշեց, որ Իսրայելը վերջերս մրցութային գործընթաց է սկսել Արևելյան Երուսաղեմի E1 գոտում ավելի քան 1200 բնակարանային միավորի կառուցման համար՝ զգուշացնելով, որ այդ ծրագրի իրականացման դեպքում Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսային և հարավային հատվածները «փաստացի կկտրվեն» միմյանցից՝ այդպիսով խաթարելով կենսունակ պաղեստինյան պետություն ստեղծելու ջանքերը։

























