Դանիայի ԱԳ նախարար․ Երեկ Վաշինգտոնում հանդիպումը շատ լավ էր, նախատեսվում են նոր հանդիպումներ
Դանիան հայտարարել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ նախնական բանակցությունները մեղմացրել են լարվածությունը, սակայն ինքնիշխանությունը քննարկման առարկա չէ։
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «ավելի լավատես» է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ տեխնիկական բանակցությունների մեկնարկից հետո:
«Երեկ Վաշինգտոնում մենք ունեցանք Գրենլանդիայի հարցի վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով առաջին հանդիպումը։ Դա լավ հանդիպում էր շատ կառուցողական մթնոլորտում և տոնով. նախատեսվում են նոր հանդիպումներ։ Սա չի նշանակում, որ ամեն ինչ լուծված է, բայց դա լավ է», - Բրյուսելում ԵՄ հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց Ռասմուսենը։
Եռակողմ բանակցությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հրաժարվեց Գրենլանդիան՝ Դանիայի ինքնավար Արկտիկական շրջանը, որը Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ է, զավթելու սպառնալիքներից։
«Մեծ շեղում է եղել։ Լարվածությունը սրվում էր, բայց հիմա այն կրկին իր հունին է հասել։ Այսօր ես մի փոքր ավելի լավատես եմ, քան մեկ շաբաթ առաջ», - ասաց Ռասմուսենը։
Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի սպառնալիքները տրանսատլանտյան դաշինքը վերջին տարիների ամենախորը ճգնաժամի մեջ են գցել։
Անկանխատեսելի ԱՄՆ առաջնորդը, հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ կնքված «շրջանակային» համաձայնագրին՝ ամերիկյան ազդեցությունն ավելի մեծացնելու համար, հրաժարվել է Գրենլանդիան զավթելու իր նկրտումներից։
Այնուամենայնիվ, կարծես թե, կոնկրետ մանրամասների շուրջ քիչ համաձայնության են հասել. դանիացի և գրենլանդացի պաշտոնյաները հրաժարվում են քննարկել ինքնիշխանության փոխանցումը։
«Ես բազմիցս ասել եմ, որ, իհարկե, մենք կիսում ենք ԱՄՆ-ի անվտանգության մտահոգությունները Արկտիկայի վերաբերյալ. մենք ցանկանում ենք լուծել այս հարցը սերտ համագործակցությամբ», - ասաց Ռասմուսենը։
Վաշինգտոնի հետ մերձեցման շրջանակներում ՆԱՏՕ-ն, ինչպես սպասվում է, կուժեղացնի իր գործունեությունն Արկտիկայում. Դանիան և Գրենլանդիան կարող են վերանայել 1951 թվականի պայմանագիրը ԱՄՆ ռազմական տեղակայման վերաբերյալ։