Եվրոպական խորհրդարանի վաթսուն պատգամավորներ կոչ են արել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ հրատապ կարգով հրավիրել ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին՝ Իսրայելի կառավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու շուրջ համաձայնության գալու նպատակով։
Կալասին ուղղված նամակում Եվրոպական խորհրդարանի՝ տարբեր քաղաքական խմբերից 60 պատգամավորներ նշել են, որ հոկտեմբերի 23-ին Հեբրոնում երկու իսրայելցի զինվորների զոհվելուց հետո Թել Ավիվը շրջափակում է սահմանել Հորդանան գետի արևմտյան ափին։
Ընդգծելով, որ Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցող իրադարձությունները հավասարազոր են հավաքական պատժի՝ մի պրակտիկա, որը միջազգային իրավունքի համաձայն համարվում է ռազմական հանցագործություն, օրենսդիրները հայտարարեցին. «Հավաքական պատժի այս մեթոդի միջոցով Իսրայելի կառավարությունը նպատակ ունի է՛լ ավելի ամրապնդել պաղեստինյան տարածքների իր անօրինական օկուպացիան և, Իսրայելում սպասվող ընտրությունների նախաշեմին, է՛լ ավելի սրել լարվածությունը»։
Նշելով, որ Հեբրոնում պաղեստինցիների տները քանդվում են, ընդ որում՝ ընտանիքներին տրվում է ընդամենը հինգ րոպե՝ իրենց տները լքելու համար, օրենսդիրները նշեցին. «Սա վճռորոշ պահ է Հորդանան գետի արևմտյան ափի ապագայի և պաղեստինյան պետության կենսունակության համար»։
Նշելով, որ ԵՄ-ն չի կարող լուռ մնալ Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կառավարության ձեռնարկած լայնածավալ հարձակման պարագայում՝ օրենսդիրները կոչ արեցին ԵՄ-ին դատապարտել Թել Ավիվի գործողությունները, պահանջել իսրայելական զորքերի դուրսբերումը Հորդանան գետի արևմտյան ափից, ինչպես նաև հրավիրել արտաքին գործերի նախարարների հրատապ հանդիպում՝ Իսրայելի կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու շուրջ համաձայնության գալու նպատակով։
Ընդգծելով, որ ԵՄ-ն Իսրայելի նկատմամբ իր քաղաքականության մեջ կիրառում է երկակի ստանդարտներ (և որ դրան պետք է վերջ դրվի)՝ օրենսդիրները Կալլասին կոչ արեցին առաջարկել ամբողջությամբ կասեցնել ԵՄ-Իսրայել ասոցացման համաձայնագիրը։























