Blue Origin-ը պատրաստվում է գործարկել գլոբալ արբանյակային ինտերնետային ցանց՝ Starlink-ին մրցակցելու
Ջեֆ Բեզոսին պատկանող ընկերությունը նախատեսում է 2027 թվականից սկսած արձակել ավելի քան 5400 արբանյակ։
Amazon-ի հիմնադիր և ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ավիատիեզերական ընկերությունը հայտարարել է, որ կկառուցի գլոբալ արբանյակային ինտերնետային ցանց՝ Starlink-ին մրցակցելու համար, որը շահագործվում է Էլոն Մասկի SpaceX-ի կողմից։
Չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ Blue Origin-ը հայտարարել է, որ նախատեսում է արձակել 5408 արբանյակ ցածր և միջին Երկրի ուղեծիր՝ ցանց կառուցելու համար, որը կկոչվի «TeraWave»։
«Այս ցանցը կծառայի տասնյակ հազարավոր բիզնեսների, տվյալների կենտրոնների և կառավարական օգտատերերի, որոնք կարիք ունեն հուսալի կապի կարևոր գործողությունների համար», - հայտարարեց ընկերությունը։
Blue Origin-ը նշել է, որ փոխկապակցված արբանյակները նպատակ ունեն ապահովել համաշխարհային ինտերնետային ծածկույթ և փոխանցել տվյալներ մրցակցող ծառայություններից ավելի բարձր արագությամբ։
Հայտարարության համաձայն՝ TeraWave ցանցը կառաջարկի ներբեռնման և վերբեռնման մինչև 6 տերաբիթ վայրկյանում արագություն։ Արբանյակային արձակումները նախատեսվում է սկսել 2027 թվականի վերջին եռամսյակում։
«TeraWave-ը ապահովում է ինչպես կետից կետ, այնպես էլ ձեռնարկությունների մակարդակի ինտերնետ հասանելիություն։ Այն թույլ է տալիս հաճախորդներին ընտրել թողունակությունը և ֆիզիկական ներկայությունը՝ ըստ իրենց կարիքների փոփոխությունների», - հավելեց ընկերությունը։
Ի տարբերություն Starlink-ի, որը հիմնականում ինտերնետ և հեռախոսային ծառայություններ է մատուցում անհատ սպառողներին, Blue Origin-ի TeraWave ցանցը նախատեսված է տվյալների կենտրոններին, բիզնեսներին և պետական օգտատերերին սպասարկելու համար։