Հազարավոր մարդիկ Բեռլինում բողոքի ցույցեր են անցկացրել Մերցի վիճահարույց հայտարարությունների դեմ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պնդում էր, որ ներգաղթյալներն ու փախստականները բացասաբար են անդրադառնում գերմանական քաղաքների ֆիզիկական տեսքի վրա։
Հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Բեռլինում երեքշաբթի երեկոյան՝ ընդդեմ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, որի հակամիգրացիոն և ռասիստական հռետորաբանությունը մեծ քննադատության է արժանացել հանրության կողմից։
Ավելի քան 7,500 ցուցարարներ, որոնց մեծ մասը երիտասարդ կանայք էին, հավաքվել էին Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) կենտրոնակայանի մոտ՝ իրենց վրդովմունքը արտահայտելու նրա վիճահարույց «քաղաքային տեսքի» մասին հայտարարությունների կապակցությամբ։ Անցյալ շաբաթ Մերցը պնդել էր, որ միգրանտներն ու փախստականները բացասական ազդեցություն են ունենում գերմանական քաղաքների ֆիզիկական տեսքի վրա։
Մերցի հայտարարությունները անմիջապես քննադատության արժանացան, սակայն նա երկուշաբթի կրկին հաստատեց իր խոսքերը՝ կոչ անելով մարդկանց «հարցնել իրենց դուստրերին», թե ինչ նկատի ուներ։ Որոշ մարդիկ սա ռասիստական են համարել, քանի որ ենթադրվում է, որ ներգաղթյալ տղամարդիկ ավելի հավանական է, որ սեռական ոտնձգություններ կամ այլ հանցագործություններ կատարեն, ինչը տվյալներով չի հաստատվում։
Գերմանիայի ամենահայտնի կլիմայական ակտիվիստ Լուիզա Նոյբաուերը, ով կազմակերպել էր ցույցը, ամբոխին ասաց, որ Մերցի հայտարարությունները «ընդունելի չեն, խտրական են և ամբողջովին ռասիստական»։
Նա ավելի վաղ Instagram-ում գրել էր. «Մենք այս երկրում մոտավորապես 40 միլիոն դուստր ենք։ Մենք իսկապես շահագրգռված ենք մեր անվտանգության հարցերով։ Այն, ինչ մենք բացարձակապես չենք ցանկանում, դա այն է, որ մեզ օգտագործեն որպես պատրվակ կամ արդարացում հայտարարությունների համար, որոնք ըստ էության պարզապես խտրական, ռասիստական և վիրավորական էին»։
Ցուցարարները պաստառներ էին պահում, որոնց վրա գրված էր. «Ռասիզմը քաղաքային տեսքի խնդիր է», «Դուստրերը՝ գունեղ քաղաքային տեսքի համար» և «Մենք չունենք քաղաքային տեսքի խնդիր, մենք ունենք ռասիզմի խնդիր»։
Ամբոխը նաև վանկարկում էր. «Մենք, մենք, մենք ենք քաղաքային տեսքը» և «Մենք, մենք, մենք ենք դուստրերը»։
Մերցի կրտսեր կոալիցիոն գործընկերը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ), նույնպես քննադատեց կանցլերին իր հայտարարությունների համար։
«Քաղաքային տեսքի վերաբերյալ իր մեկնաբանություններով կանցլերը սխալ տոն է օգտագործում։ Նա նպաստում է «օտարները դուրս» տրամադրություններին, լուծումներ չի առաջարկում և այդպիսով առաջացնում է սոցիալական անհանգստություն»,- ասել է ՍԴԿ պատգամավոր Ռալֆ Շտեգները Tagesspiegel թերթին։
Մերցի մեկնաբանությունները նաև «չեն նպաստում կոալիցիայի ներսում տրամադրությունների բարելավմանը», քանի որ ՍԴԿ-ի շատ անդամներ «սարսափած էին կանցլերի խոսքերից», հավելել է նա։