Պերուն Լիմայում 30-օրյա արտակարգ դրություն է հայտարարել հանցագործությունների աճի պատճառով

Այս իրավյիճակը լայն լիազորություններ է տալիս ոստիկանությանը և զինվորականներին, սակայն քննադատները նշում են, որ բազմիցս կիրառված բռնաճնշումները չեն կարողացել երկարատև անվտանգություն ապահովել Պերուի մայրաքաղաքում։

Peru declares emergency as crime wave grips capital / Reuters

Նախագահ Խոսե Ջերին 30-օրյա արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաք Լիմայում և հարևան Կալյաո նավահանգստային նահանգում՝ թույլատրելով զինված ուժերի տեղակայումը ոստիկանության հետ միասին՝ հանցագործությունների աճը կանխելու նպատակով։

Երեքշաբթի օրը Նախարարների խորհրդի կողմից հաստատված միջոցառումն ուժի մեջ կմտնի կեսգիշերից անմիջապես հետո և ժամանակավորապես կասեցնում է որոշակի սահմանադրական իրավունքներ, այդ թվում՝ հավաքների և տեղաշարժի ազատությունը՝ թույլ տալով անվտանգության ուժերին համատեղ պարեկություններ և միջամտություններ իրականացնել։

«Մենք անցնում ենք պաշտպանությունից հարձակման՝ հանցագործության դեմ պայքարում, որը թույլ կտա մեզ վերականգնել խաղաղությունը, անդորրը և միլիոնավոր պերուացիների վստահությունը», - հեռուստատեսային ուղերձում ասաց Ջերին։

Բողոքի ցույցեր հանցագործության մակարդակի աճի դեմ

Հայտարարությունը հաջորդել է անցյալ շաբաթ տեղի ունեցած բռնի բողոքի ցույցերին, որոնց հետևանքով մեկ մարդ զոհվեց, իսկ ավելի քան 100-ը վիրավորվեցին։

Ցուցարարները, որոնցից շատերը երիտասարդներ էին այսպես կոչված Z սերնդից, պահանջել էին կառավարության կողմից ավելի խիստ գործողություններ ձեռնարկել հանցագործության մակարդակի աճի դեմ։

Ջերին, որը պաշտոնը ստանձնեց այս ամսվա սկզբին նախկին նախագահ Դինա Բոլուարտեի տապալումից հետո, անցյալ շաբաթ ներկայացրեց իր նոր կաբինետը և խոստացավ հանրային անվտանգությունը դարձնել իր վարչակազմի գերակա խնդիրը։

Վերջին տարիներին Պերուն մի քանի անգամ արտակարգ դրություն է հայտարարել՝ անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու համար, սակայն վերլուծաբանները նշում են, որ նման միջոցառումները սահմանափակ արդյունքներ են տվել։ Նախկին նախագահ Բոլուարտեն նմանատիպ 30-օրյա արտակարգ դրություն է մտցրել մարտին, որը, քննադատների կարծիքով, չի կարողացել զսպել հանցավոր գործունեությունը։

Ջերին լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել վերջին հրամանագրի շրջանակի կամ թիրախավորված կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ, բայց պնդել է, որ իր կառավարությունը «կվերականգնի կարգուկանոնը» և «կպաշտպանի քաղաքացիների կյանքը»։