Իրանի բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ցանկացած նոր հարձակման դեպքում կտրվի պատասխան, որն ավելի «ընդգրկուն, ջախջախիչ և անհապաղ» կլինի, քան նախկինում եղածները, և որ նման հակամարտությունը չի սահմանափակվի միայն տարածաշրջանով։
Իրանական «Մեհր» (Mehr) լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խոսնակ Աքրամինիան այս մասին ասել է ռադիոհաղորդումներից մեկի եթերում։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հնչող ագրեսիայի սպառնալիքներին՝ Աքրամինիան նշել է, որ «թշնամական թիրախների ցանկը» թարմացվել է, իսկ զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունները՝ ուժեղացվել։ Նա հայտարարել է. «ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի ցանկացած նոր դրսևորմանը կհետևի պատասխան, որն ավելի ընդգրկուն, ջախջախիչ և անհապաղ կլինի, քան նախկինում. եթե նոր պատերազմ բռնկվի, ապա դրա աշխարհագրական ընդգրկումը չի սահմանափակվի Արևմտյան Ասիայի տարածաշրջանով»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 31-ին՝ բարձրաստիճան զինվորականների (այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահիի, բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդիի) հետ հանդիպման ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է, որ ցանկացած հարձակման դեպքում պետք է տրվի «անհապաղ, արդյունավետ և աշխարհագրական սահմաններ չճանաչող» պատասխան։





















