Heritage Auctions-ի տվյալներով՝ արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի՝ «Աստծո ձեռք» կոչվող հայտնի գոլի և նույն խաղում նրա խփած անհատական անցումով գոլի համար օգտագործված գնդակը աճուրդում վաճառվել է 3,35 միլիոն դոլարով։
Adidas Azteca գնդակն օգտագործվել է Անգլիայի նկատմամբ Արգենտինայի տարած 2:1 հաշվով հաղթանակով ավարտված քառորդ եզրափակիչ խաղում՝ մի հանդիպում, որի ընթացքում Մարադոնան խփեց Աշխարհի գավաթի պատմության ամենահիշարժան գոլերից երկուսը։
Դալասում գործող աճուրդի տունը շաբաթ օրը 3,35 միլիոն դոլարով վաճառեց գնդակը, որը փորձագետները նույնականացրել էին խաղի ընթացքում արված լուսանկարների միջոցով։
Վերջնական գինը զգալիորեն ցածր էր աճուրդից առաջ կատարված՝ առնվազն 10 միլիոն դոլարի գնահատականից։
Մինչև աճուրդը Heritage-ը բնութագրել էր գնդակը որպես, թերևս, ամենահայտնին սպորտի ցանկացած տեսակում և նշել, որ այն կարող է դառնալ ֆուտբոլային հուշանվերների շարքում երբևէ վաճառված ամենաարժեքավոր նմուշը։
Անգլիայի դեմ Մարադոնայի խփած առաջին գոլը հայտնի դարձավ որպես «Աստծո ձեռք», քանի որ նա ձեռքով էր գնդակն ուղարկել դարպասապահ Փիթեր Շիլթոնի գլխավերևով, իսկ մրցավարները վավերացրին գոլը։
Չորս րոպե անց Արգենտինայի հավաքականի ավագը սեփական կիսադաշտում գնդակը ստացավ, դրիբլինգով շրջանցեց անգլիացի հինգ խաղացողի և գոլ խփեց. ավելի ուշ այդ գոլը ճանաչվեց ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության «Դարի գոլ»։
Խաղը սպասարկած թունիսցի մրցավար Ալի Բին Նասերը 36 տարի պահել էր գնդակը։ Ավելի վաղ՝ 2022 թվականին, գնդակը Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել էր 2 միլիոն ֆունտ ստեռլինգով (2,37 միլիոն դոլար)։
Ինչ վերաբերում է նույն խաղում Մարադոնայի կրած մարզաշապիկին, ապա այն նույն տարվա ավելի ուշ Sotheby's-ում վաճառվեց մոտավորապես 9,3 միլիոն դոլարով։
Վաճառքի վերջնական գինը նաև զիջեց աճուրդում որևէ մարզաձևի գնդակի համար վճարված ռեկորդային գնին։ Major League Baseball-ի պատմական 2024 թվականի մրցաշրջանում Շոհեյ Օհտանիի կատարած 50-րդ հոում-ռանի (home run) գնդակը վաճառվել էր 4,392 միլիոն դոլարով՝ ներառյալ գնորդի վճարը։
Աճուրդում վաճառված սպորտային հուշանվերների շարքում ռեկորդը պատկանում է «Նյու Յորք Յանկիս»-ի այն մարզաշապիկին, որը Բեյբ Ռութը կրել է 1932 թվականի Համաշխարհային սերիայի (World Series) երրորդ խաղի ժամանակ․ Heritage-ը այն 2024 թվականին վաճառել է 24,12 միլիոն դոլարով՝ ներառյալ գնորդի վճարը։


















