Ավստրալական Qantas ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռը շահագործումից հանվել է՝ դրանում հայտնաբերված փայտոջիլների պատճառով։
Ըստ Sydney Morning Herald-ի հաղորդման՝ ուրբաթ օրը Պերթից Հռոմ իրականացված՝ մոտ 17 ժամ տևողությամբ թռիչքի ընթացքում որոշ ուղևորներ հայտնել են միջատների կծած լինելու մասին։ Նշվում է, որ թեև քորը մեղմելու նպատակով ուղևորներին հակահիստամինային դեղամիջոցներ են տրամադրվել, դրանց պաշարը սպառվել է։
Ընկերությունը հայտարարեց, որ շաբաթ օրը նախատեսված Հռոմ-Պերթ չվերթը չեղարկվել է՝ էկոնոմ դասի որոշ նստատեղերի հետ կապված խնդիրներ հայտնաբերվելուց հետո։ Օդանավը հանվել է շահագործումից՝ հիմնավոր մաքրման և տեխնիկական սպասարկման նպատակով։
Qantas-ը ներողություն է խնդրել ուղևորներից և հայտնել, որ տուժածներին կացարան է տրամադրվել, իսկ նրանց թռիչքները վերաամրագրվել են այլ չվերթների համար՝ 48 ժամվա ընթացքում։
Փայտոջիլները խաթարում են ճամփորդությունը
Փայտոջիլները՝ փոքր, անթև մակաբույծները, կարող են բնակություն հաստատել հագուստի, կահույքի և անկողնային պարագաների մեջ։ Թեև դրանց խայթոցները քոր են առաջացնում, դրանք սովորաբար առողջական լուրջ խնդիրներ չեն հարուցում։ Այնուամենայնիվ, այդ միջատներից ազատվելը կարող է դժվար և ծախսատար լինել։
Փայտոջիլները նախկինում խնդիրներ են առաջացրել նաև տրանսպորտի ոլորտում։ Միացյալ Թագավորությունում երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատված առաջ որոշ գնացքների երթևեկություն չեղարկվել էր այն բանից հետո, երբ մեքենավարների խցիկներում փայտոջիլներ էին հայտնաբերվել։























