Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը դադարեցնի Հյուսիսային Կորեային միջուկային զենքերից հրաժարվելու պահանջը, հաղորդում է պետական KCNA լրատվական գործակալությունը։
Կիրակի օրը Գերագույն Ժողովրդական Ժողովում ունեցած ելույթի ժամանակ Կիմը նշել է, որ դեռևս լավ հիշողություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումներից։ KCNA-ի հաղորդմամբ՝ Թրամփի նախագահության ընթացքում նրանք հանդիպել են երեք անգամ։
«Եթե Միացյալ Նահանգները հրաժարվի մեզ ապամիջուկայնացնելու անհեթեթ մոլուցքից, ընդունի իրականությունը և ցանկանա իրական խաղաղ համակեցություն, ապա չկա պատճառ, որ մենք չնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Կիմը։
Կիմը նշել է, որ միջուկային զենքերի ստեղծումը երկրի գոյատևման համար անհրաժեշտ քայլ էր՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից լուրջ սպառնալիքների պայմաններում իր երկրի անվտանգությունը պաշտպանելու համար։
Նա մերժել է Վաշինգտոնի և Սեուլի վերջին առաջարկները երկխոսության վերաբերյալ՝ դրանք անվանելով ոչ անկեղծ, քանի որ, ըստ Կիմի, նրանց հիմնական նպատակը Հյուսիսային Կորեայի թուլացումն ու իր ռեժիմի ոչնչացումն է։
Կիմը նշել է, որ Հարավային Կորեայի առաջարկը՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը փուլային կերպով դադարեցնելու վերաբերյալ, դրա ապացույցն է։
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունը, ով պաշտոնը ստանձնել է հունիսին, խաղաղության առաջարկներ է արել՝ նշելով, որ անհրաժեշտ է երկխոսություն Պհենյանի հետ։ Նա առաջարկել է վստահության ամրապնդման քայլեր, որոնք ի վերջո կհանգեցնեն Հյուսիսի միջուկային ծրագրերի դադարեցմանը։
Լին նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ՝ Հյուսիսային Կորեային բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, և Թրամփը կարող է կարևոր դեր խաղալ այդ ջանքերում։
Վերլուծաբանները նշում են, որ Կիմի միջուկային ծրագրերի առաջմղման նպատակը Վաշինգտոնին Հյուսիսային Կորեան որպես միջուկային տերություն ընդունելու և տնտեսական ու անվտանգության զիջումներ ստանալու ուղղությամբ ճնշում գործադրելն է։
Կիմը նաև փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ ավանդական դաշնակիցներ Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելով, ինչը նպատակ ունի նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունը։
Սեուլում աճում է մտահոգությունը, որ Հարավային Կորեան կարող է կորցնել իր ձայնը Կորեական թերակղզում միջուկային լարվածությունը թուլացնելու ապագա ջանքերում, քանի որ Հյուսիսը ձգտում է ուղղակիորեն բանակցել ԱՄՆ-ի հետ։ Այդ մտավախությունները խորացան անցյալ տարի, երբ Կիմը հայտարարեց, որ հրաժարվում է Հարավային Կորեայի հետ խաղաղ միավորման երկարամյա նպատակից և հրամայեց փոփոխել Հյուսիսի սահմանադրությունը՝ Հարավը մշտական թշնամի հռչակելու համար։











