Մերցը ելույթ ունեցավ Դաշնային խորհրդարանում (Բունդեսթագ)՝ 2027 թվականի բյուջեի շուրջ քննարկումների ընթացքում։ Արձագանքելով Ուկրաինային Գերմանիայի կառավարության ցուցաբերած աջակցության վերաբերյալ քննադատություններին՝ Մերցը հայտարարեց. Ռուսաստանը շատ լավ գիտի, թե ինչ է ուզում, և նա ցանկանում է շատ ավելին, քան պարզապես Ուկրաինան։
«Նրանք, ովքեր չեն կարողանում սա ըմբռնել, կա՛մ չեն հասկանում այս աշխարհը, կա՛մ էլ մեր երկրի ազատության ու բաց լինելու վերաբերյալ այլ նպատակներ են հետապնդում», — նշեց։
Նշելով, որ Ռուսաստանը սրում է լարվածությունը Բալթյան տարածաշրջանում, Լեհաստանում, Սև ծովում և տիեզերքում՝ Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ եվրոպացիները սահմաններ կդնեն Ռուսաստանի համար՝ հավելելով. «Մենք դա կանենք, և մենք պարտավոր ենք դա անել»։
Անդրադառնալով նոյեմբերի 19-ին Բեռլինում կայացած՝ Ուկրաինայի հարցով «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը՝ Մերցը նշեց, որ, իր տպավորությամբ, ամերիկյան մասնակիցները զարմացել էին այն բանից, թե որքան համակարծիք և միասնական էին եվրոպացիներն այս հարցում։
Մերցը նշեց, որ այս վճռականությունը դեռևս զգուշավոր լավատեսության տեղ է թողնում իրական խաղաղության հաստատման հարցում։ Նշելով, որ «այստեղ խոսքը (Ուկրաինային ցուցաբերվող աջակցության մասին) նաև մեր սեփական ազատության մասին է»՝ գերմանացի քաղաքական գործիչն ընդգծեց, որ ընդհանուր արժեքները պահանջում են աջակցել նրանց, ովքեր ենթարկվում են հարձակման։
Նշելով, որ այս երեկո Բրյուսելում տեղի են ունենալու բանակցություններ եվրոպական բյուջեի շուրջ, որոնց ընթացքում պետք է քննարկվեն 2028-2034 թվականներին ծախսվելիք գումարների չափին և դրանց նպատակային ուղղություններին վերաբերող հարցերը՝ Մերցը պարզաբանեց, որ ինքը պնդում է ծախսերի սահմանափակումը և կենտրոնացումն այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են անվտանգությունն ու մրցունակությունը, ինչը Եվրոպան իսկապես ավելի ուժեղ կդարձնի։
Մերցն ընդգծեց, որ Գերմանիան երկար ժամանակ խնայողություններ է արել արտաքին անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ծախսերի հաշվին՝ ինչը պետության հիմնարար պարտականություններից մեկն է, և նշեց. «Դրա փոխարեն մենք ապավինում էինք ուրիշներին»։
«Առարկայական և ի հայտ եկող արտաքին սպառնալիքները հստակ ցույց տվեցին, որ այստեղ մենք պետք է սթափվենք», — նշեց:













