ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Կատարի վրա հրահանգվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից, ոչ թե Վաշինգտոնի:
«Սա վարչապետ Նեթանյահուի կողմից կայացված որոշում էր, ոչ թե իմ կողմից», - գրել է Թրամփը Truth Social հարթակում:
«Ես անմիջապես հանձնարարեցի հատուկ դեսպան Սթիվ Վիթքոֆին տեղեկացնել կատարցիներին սպասվող հարձակման մասին, ինչը նա արեց, սակայն, ցավոք, արդեն ուշ էր հարձակումը կանխելու համար», - հավելել է նա:
Կատարի Արտաքին գործերի նախարարությունը հերքել է Սպիտակ տան պնդումները, որ նախապես տեղեկացվել է, նշելով, որ ԱՄՆ-ի հաղորդագրությունը հասել է միայն այն ժամանակ, երբ պայթյունները արդեն սկսվել էին:
Դոհան դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «միջազգային իրավունքի բացահայտ խախտում» և սպառնալիք իր ինքնիշխանության ու անվտանգության համար:
Թրամփը նշել է, որ հարձակման հետո զրուցել է Նեթանյահուի հետ, և Իսրայելի առաջնորդը հայտնել է, որ ցանկանում է «խաղաղություն հաստատել»:
Թրամփը նաև զանգահարել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝ հավաստիացնելով, որ նման միջադեպ այլևս չի կրկնվի:
«Կատարի՝ ինքնիշխան պետության և ԱՄՆ-ի մոտ դաշնակցի տարածքում միակողմանի ռմբակոծումը, որը շատ ջանքեր է գործադրում և խիզախորեն ռիսկի է դիմում մեզ հետ խաղաղություն հաստատելու համար, չի նպաստում Իսրայելի կամ Ամերիկայի նպատակներին», - գրել է Թրամփը՝ կրկնելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի ավելի վաղ արված հայտարարությունները:
Թրամփը նշել է, որ հանձնարարել է Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին վերջնականացնել Պաշտպանական համագործակցության համաձայնագիրը Կատարի հետ՝ ընդգծելով Վաշինգտոնի մտադրությունը՝ ամրապնդելու կապերը՝ չնայած միջադեպին:



















