Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկի (PURL) նախաձեռնության շրջանակներում ակնկալում են մարտական ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարում։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (վերջինս ներկայումս երկրում է՝ պաշտոնական բանակցություններ վարելու նպատակով) Զելենսկին գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Նշելով, որ ցանկանում են հետագայում զարգացնել հարաբերությունները Հունգարիայի հետ՝ Զելենսկին հայտնեց, որ Մագյարի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Զելենսկին հավելեց, որ Ուկրաինայի՝ Եվրոպական միությանը (ԵՄ) ինտեգրման գործընթացը շարունակվում է, և որ այս գործընթացում Հունգարիայի աջակցությունը նշանակալի է։
Նշելով, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողությունները պետք է է՛լ ավելի ամրապնդվեն՝ իր երկրի դեմ Ռուսաստանի կողմից իրականացվող հրթիռային հարձակումներին հակազդելու համար, Զելենսկին ընդգծեց, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Հիշեցնելով «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգում կիրառվող հրթիռներն արտադրելու իրենց ցանկության մասին՝ Զելենսկին նշեց, որ այդ հարցով նախկինում դիմել էին Միացյալ Նահանգներին։
Զելենսկին հայտարարեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինային դեռևս չի տրամադրել խոսքի առարկա հրթիռների արտադրության համար անհրաժեշտ լիցենզիոն իրավունքները։
Նշելով, որ PURL նախաձեռնության շրջանակներում ակնկալվում է հրթիռների մատակարարում (որոնք նախատեսված են F-16 կործանիչների և հակաօդային պաշտպանության համակարգերի համար)՝ Զելենսկին ասաց. «Խոսքը հրթիռների շատ զգալի փաթեթի մասին է, և համաձայնագիրն արդեն ստորագրված է»։
Զելենսկին նաև հայտնեց, որ ԱՄՆ-ից ակնկալում են հակաօդային պաշտպանության 48 հրթիռի մատակարարում՝ նշելով, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը դեռ չի ստորագրել համապատասխան փաստաթղթերը։
Ընդգծելով, որ Ուկրաինան աջակցության և համերաշխության կարիք ունի՝ Զելենսկին նշեց. «Այս պատերազմը հնարավոր է ավարտին հասցնել միայն Եվրոպայի, Ամերիկայի և բոլոր նրանց լիակատար համերաշխությամբ, ովքեր անկեղծորեն ցանկանում են իրական խաղաղություն. համերաշխություն՝ Ուկրաինայի հետ»։














