ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի բժշկական կենտրոնի նեյրոգիտնականները պարզել են, որ մարդու ուղեղը վերակառուցում է իր նեյրոնային շղթաները՝ ինտենսիվ վարժանքների միջոցով որոշակի գործողություններ «ավտոպիլոտի» ռեժիմի փոխադրելու ճանապարհով, ինչի շնորհիվ կարողանում է միաժամանակ և առանց ընդհատման իրականացնել երկու մտավոր գործընթաց։
Ուսումնասիրությունը պարզում էր՝ արդյոք ուղեղն իսկապես ի վիճակի է իրականացնել միաժամանակյա մշակում, թե՞ պարզապես արագորեն անցում է կատարում բարդ առաջադրանքների միջև։ Փորձի շրջանակում մասնակիցները մի քանի շաբաթվա ընթացքում անցել են տեսողական դասակարգման ավելի քան 30 000 թեստ։
Գործընթացի սկզբում և ավարտին մասնակիցների ուղեղի ակտիվությունը սկանավորվել է միլիվայրկյանային ճշգրտությամբ՝ կիրառելով ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա և էլեկտրոէնցեֆալոգրաֆիա։
Սկանավորման արդյունքները ցույց են տվել, որ ուսուցման ընթացքում ուղեղում տեղի է ունեցել կառուցվածքային կարևոր փոփոխություն։ Առաջադրանքի կատարման սկզբնական փուլերում նկատվել է նախաճակատային կեղևի բարձր ակտիվություն. այն պատասխանատու է բարձրագույն գործադիր գործառույթների համար, սակայն միաժամանակ կարող է կատարել միայն մեկ բարդ գործողություն։ Սակայն շաբաթներ տևած պարապմունքներից հետո պարզվել է, որ ուղեղը խնդրի կատարումը տեղափոխել է նախաճակատային շրջանի «ճանաչողական նեղ կոկորդից» (սահմանափակ թողունակություն ունեցող հատվածից) դեպի քունքային կեղև, որտեղ իրականացվում են հիշողության ձևավորումն ու օբյեկտների ճանաչումը։ Բացահայտվել է, որ քունքային բլթում ձևավորվել է կատեգորիաների մշակման նոր հատված (որը նախկինում գոյություն չի ունեցել), իսկ առաջադրանքի կատարումը դարձել է ավտոմատ։
Ուղեղը հնարավորություն է ստեղծում իրական բազմաառաջադրանքայնության համար
Հետազոտության վերջին փուլում մասնակիցներին միաժամանակ հանձնարարվեց կատարել երկրորդ մտավոր առաջադրանքը։ Պարզվեց, որ այն մասնակիցները, որոնց հաջողվել էր տեսողական դասակարգման առաջադրանքը տեղափոխել քունքային բլթի տիրույթ, ազատել էին իրենց նախաճակատային կեղևի ռեսուրսները և, դրանով իսկ, անթերի կատարել երկրորդ առաջադրանքը։
Հետազոտության հեղինակ, նեյրոգիտնական Մաքսիմիլիան Ռիզենհուբերը բացատրել է, որ արդյունքները ցույց են տալիս՝ ի հակադրություն տարածված կարծիքի, ուղեղը պարզապես չի անցնում մի առաջադրանքից մյուսին, այլ, ֆիզիկապես վերակազմավորելով իր նյարդային շղթաները, կարող է ձեռք բերել բազմաառաջադրանքային աշխատանքի իրական ունակություն՝ թույլ տալով միաժամանակ կատարել երկու առաջադրանք։























