Իսրայելի ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը ներխուժել է պաղեստինցի բանտարկյալ Հասան Սալամեի խուց և հայտարարել, որ աշխատելու է պաղեստինցի բանտարկյալների մահապատժի իրականացման ուղղությամբ։
X հարթակում կատարած գրառման մեջ ծայրահեղ աջակողմյան նախարարը նշել է, որ եթե ստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը, ապա կվարի պաղեստինցի բանտարկյալների մահապատժի ենթարկելու և պաղեստինցի ժողովրդին Գազայի հատվածից ու օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափից վտարելու քաղաքականություն։
Իր գրառման մեջ Բեն-Գվիրը նշել է. «Մոտ երկու շաբաթ առաջ ես այցելեցի բանտ և դեմ առ դեմ հանդիպեցի ահաբեկիչ Հասան Սալամեի հետ, ով «Համաս»-ի բարձրաստիճան գործիչ Յահյա Սինվարի մերձավորն ու գործընկերն է»։
Հիշելով իր մասնակցությունը 1996 թվականին Երուսաղեմում ավտոբուսի պայթեցումից (որի հետևանքով տասնյակ իսրայելցիներ էին զոհվել և վիրավորվել) հետո տեղի ունեցած ցույցերին՝ Բեն-Գվիրը հայտարարեց. «Որպես ապագա կառավարության պաշտպանության նախարար՝ ես կապահովեմ նրա նման մարդասպան ահաբեկիչների մահապատժի իրականացումը։ Ես կխթանեմ Գազայից, Հրեաստանից և Սամարիայից (Արևմտյան ափի թալմուդյան անվանումը) արտագաղթի քաղաքականությունը»։
Բեն-Գվիրը, ով հայտարարել էր, որ իր ղեկավարած «Հրեական ուժ» կուսակցությունը որպես ապագա կառավարությանը միանալու պայման պահանջելու է պաշտպանության և արդարադատության նախարարությունների ղեկավարումը, կրկին հնչեցրեց Գազայից և Հորդանան գետի արևմտյան ափից պաղեստինցիներին «կամավոր արտագաղթի» քողի ներքո վտարելու կոչը։
Ո՞վ է Հասան Սալամեն։
Իսրայելը 1987 թվականի Առաջին ինթիֆադային մասնակցած պաղեստինցի բանտարկյալ Հասան Սալամեին պատասխանատու է համարում այնպիսի պայթյունների համար, որոնք հանգեցրել են տասնյակ մարդկանց մահվանն ու վիրավորմանը։
«Սուրբ վրեժխնդրության գործողությունների հերոս» անվամբ հայտնի Սալամեն դատապարտվել է 48 ցմահ ազատազրկման։
Իսրայելը հրաժարվել էր ազատ արձակել Սալամեին 2011 թվականի՝ բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակում։
Իսրայելի խորհրդարանը 62 կողմ և 48 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր օրինագիծ, որը թույլ էր տալիս մահապատիժ կիրառել պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ։
Բեն-Գվիրի այս հայտարարություններն արվել են այնպիսի պահի, երբ Իսրայելում հոկտեմբերի 27-ին նախատեսված համընդհանուր ընտրություններին ընդառաջ քաղաքական մրցակցությունը թեժանում է, իսկ հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ գործող իշխող կոալիցիան կորցնում է իր դիրքերը։




















