Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ ԵՄ-ի հաջորդ երկարաժամկետ բյուջեին նվիրված հատուկ գագաթնաժողովն ավարտվել է նախատեսվածից շուտ՝ առաջնորդների դիրքորոշումների միջև առկա էական տարաձայնությունների պատճառով։
Հինգեշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ԵՄ-ի 2028–2034 թթ․ բյուջեի շուրջ ինտենսիվ քննարկումներից հետո, Մերցը նշեց․ «Պետք է ընդունենք, որ բյուջեի ձևավորման վերաբերյալ պատկերացումները դեռևս խիստ տարբեր են»։
«Բոլորս գիտենք, որ տեսակետների այս էական տարբերությունները հաղթահարելը ժամանակ կպահանջի և մեծ բարի կամք կենթադրի», — նշեց Մերցը։
Նշելով, որ անդամ պետությունները մինչև տարեվերջ կաշխատեն համաձայնության հասնելու ուղղությամբ՝ Մերցը հավելեց, որ ղեկավարներն այժմ նախապատրաստվում են դեկտեմբերի 17-ին կայանալիք գագաթնաժողովին։
«Հստակ ոչինչ չեմ կարող ասել, բայց հույսս չեմ կորցրել, որ կարող ենք հաջողության հասնել», — ասաց Մերցը։ Բանակցություններից առաջ Մերցը հանդիպեց այն երկրների ղեկավարների հետ, որոնք ԵՄ բյուջե ավելի շատ միջոցներ են վճարում, քան ստանում են․ նրանց անվանում են «զուտ վճարողներ»։
Այս խումբը, որն իրեն անվանում է «Ուշիմ յոթնյակ» (Sensible Seven), ներառում է Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան և Բելգիան։ Խումբը շարունակում է պնդել բյուջետային խնայողությունների անհրաժեշտությունը՝ այդ թվում՝ աղքատ տարածաշրջաններին աջակցելու համար նախատեսված միջոցների կրճատումը։
Գերմանիայի հիմնական պահանջները
Գագաթնաժողովին ընդառաջ՝ Մերցը հայտարարեց, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի ներկայացրած վերջին առաջարկը չափազանց մեծ է. նա հանդես եկավ ծախսերի ավելի խորը կրճատման օգտին և մերժեց նոր փոխառություններ ներգրավելու գաղափարը։
Հինգշաբթի երեկոյան լրագրողների հետ զրույցում Մերցն ասաց. «Բյուջեն չի կարող անվերջ աճել, իսկ ֆինանսական բեռը պետք է արդարացիորեն բաշխվի»։
«Ներկայումս Գերմանիան ԵՄ բյուջեին է հատկացնում դրա մոտ մեկ քառորդը, մինչդեռ այդ միջոցներից ուղղակիորեն հետ է ստանում ընդամենը մոտ 8 տոկոսը», — հավելեց Մերցը։
Գերմանացի գործիչը պնդեց, որ նոր բյուջեում պետք է բավարար միջոցներ հատկացվեն պաշտպանությանը, ինչպես նաև ապահովվի Ուկրաինային օգնության տրամադրումը։
Հուլիսին Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց 1,985 տրիլիոն եվրո արժողությամբ փաթեթ, սակայն Գերմանիան և մի շարք այլ հարուստ անդամ պետություններ մերժեցին այդ առաջարկը։
Դրանից հետո Կոշտան ներկայացրեց 1,781 տրիլիոն եվրո արժողությամբ փոխզիջումային առաջարկ. մի թիվ, որը դեռևս մոտ 50 տոկոսով մեծ է 2021–2027 թթ․ ընթացիկ բյուջեից։
Գերմանական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ Բեռլինը ձգտում է մոտ 400 միլիարդ եվրոյով կրճատել Հանձնաժողովի ծրագիրը, ինչը ենթադրում է լրացուցիչ կրճատում՝ մոտ 200 միլիարդ եվրոյի չափով՝ ի հավելումն Կոշտայի նախագծում նախատեսվածի։















